Եթե երեխայի ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, ապա նա ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից։
Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի
Այս ուղեցույցում կարող ես գտնել ամբողջական տեղեկություն ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի մասին։
ՀՀ քաղաքացիություն հնարավոր է ստանալ մի շարք հիմքերով, ինչպիսիք են՝
- ազգությամբ հայ լինելը,
- ՀՀ քաղաքացի զավակ կամ ծնող ունենալը,
- ՀՀ-ում 3 տարի մշտական բնակվելը,
- ՀՀ քաղաքացի ամուսին ունենալը,
- քաղաքացիությունը վերականգնելը,
- փախստականի կարգավիճակ ունենալը (այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք),
- քաղաքացիություն չունենալը,
- ծնողների (կամ նրանցից մեկի)՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալը։
Քայլերի հաջորդականությունը
Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի
Քայլ 1
Պատրաստիր փաստաթղթերդ
Կախված քաղաքացիությունը ստանալու հիմքից՝ պետք է պատրաստես պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որոնք ներկայացված են ուղեցույցում։
Քայլ 2
Ներկայացրու նախնական հայտ
ՀՀ քաղաքացի դառնալու համար նախնական հայտ կարող ես լրացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Քայլ 3
Ներկայացրու բնօրինակ փաստաթղթերդ
Նախնական հայտը հաստատվելու դեպքում պետք է ընտրես այցի օրը և ժամը, ու բնօրինակ փաստաթղթերը ներկայացնես քաղաքացիության շնորհման վարչություն (հասցե՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10), իսկ արտերկրում գտնվելիս՝ տվյալ երկրում գտնվող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Ուշադրություն
Այս պահին բնօրինակ փաստաթղթերը ներկայացնելու համար այց հնարավոր է ամրագրել միայն Հայաստանում։Քայլ 4
Ստացիր անձնագիր
Բնօրինակ փաստաթղթերդ ներկայացնելու պահից սկսած 90 աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկանաս քաղաքացիության դիմումիդ բավարարման կամ մերժման մասին։ Դիմումի բավարարման դեպքում կարող ես դիմել անձնագիր ստանալու համար:
Ծննդյան հիմքով ՀՀ քաղաքացիությունը
Եթե երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուս ծնողը քաղաքացիություն չունեցող անձ է կամ քաղաքացիությունն անհայտ է, ապա երեխան, միևնույն է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն։
Իսկ եթե երեխայի ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ այլ երկրի քաղաքացի, ապա երեխան իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն ստանալու ծնողների գրավոր համաձայնությամբ։ Ընդ որում՝ երեխան կարող է միաժամանակ ունենալ նաև այլ երկրի քաղաքացիություն։
Երբ բացակայում է ծնողների գրավոր համաձայնությունը, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
- ծնվել է ՀՀ-ում,
- ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում կդառնա քաղաքացիություն չունեցող անձ (չունի այլ երկրի քաղաքացիություն),
- բնակվում է ՀՀ-ում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը։
ՀՀ-ում ծնված երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
- ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են,
- ծնողների քաղաքացիությունն անհայտ է,
- ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն այդ երկրի (երկրների) օրենսդրության համաձայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային,
- ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է և այդ երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային,
- ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է,
- ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է և այդ երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:
Վերոնշյալ դեպքերում երեխան ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա։
Եթե ազգությամբ հայ երեխայի ծնողները ՀՀ քաղաքացի չեն, ապա երեխան այնուամենայնիվ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն ՀՀ հասցեով գրանցվելու պահից սկսած։
Այս դեպքում երեխան ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին պետք է կցված լինի նաև ծնողների գրավոր համաձայնությունը։
Քաղաքացիություն ստանալու հիմքերը
ՀՀ քաղաքացիություն կարող ես ձեռք բերել, եթե՝
- ազգությամբ հայ ես,
- օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին բնակվել ես Հայաստանում,
- առկա է վերջին 2 տարվա գրանցված ամուսնություն, և այդ ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակվել ես ՀՀ-ում,
- ՀՀ քաղաքացի ծնող կամ զավակ ունես,
- նախկինում ունեցել ես ՀՀ քաղաքացիություն,
- փախստականի կարգավիճակ ունես (այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք),
- քաղաքացիություն չունես,
- ծնողներդ (կամ նրանցից մեկը)՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն են ունեցել։
Ուշադրություն
Մինչև 16 տարեկան անձանց համար գործում է ՀՀ անձնագիր ստանալու պարզեցված գործընթաց։ Սա նշանակում է, որ անչափահասների դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու առանձին գործընթաց չկա, և ծնորղները կարող են դիմել միանգամից անձնագիր ստանալու համար։
Պահանջվող փաստաթղթերը՝ ըստ հիմքի
Կախված հիմքից՝ քաղաքացիություն ստանալու հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերը տարբերվում են։
Ազգության հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմողի անձնագիրը,
- ծննդյան վկայականը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- եթե ծննդյան վկայականում բացակայում է նշումը ազգությամբ հայ լինելու մասին, ապա անհրաժեշտ է կցել ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթը՝
-
դիմողի մկրտության մասին վկայականը,
-
ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը, կամ այլ փաստաթուղթ, որտեղ առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշումը,
-
ծնողների (կամ պապի և տատի) ամուսնության վկայականը,
-
համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հավաստող այլ փաստաթուղթը, եթե եղբոր կամ քրոջ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ,
-
հայր ծնողի (պապի) դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ ամուսնության վկայականը,
-
օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթը:
-
Ուշադրություն
Ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթղթերը ընտրովի են, և հնարավոր է ներկայացնել դրանցից ցանկացածը։
Օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին Հայաստանում բնակվելու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմողի անձնագիրը,
- ծննդյան վկայականը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը՝
- ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ,
- բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք,
- ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն,
- ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիության մասին տեղեկատվություն:
Ուշադրություն
Օրինական բնակությունը հաստատող փաստաթղթերը ընտրովի են, և հնարավոր է ներկայացնել դրանցից մեկը։
Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ լինելու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմողի անձնագիրը,
- ծննդյան վկայականը,
- ամուսնության վկայականը,
- ամուսնու անձնագիրը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը՝
- ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ,
- բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք,
- ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն,
- ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիության մասին տեղեկատվություն:
Ուշադրություն
Օրինական բնակությունը հաստատող փաստաթղթերը ընտրովի են, և հնարավոր է ներկայացնել դրանցից մեկը։
ՀՀ քաղաքացի ծնող կամ զավակ ունենալու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- ՀՀ քաղաքացիության համար դիմողի անձնագիրը,
- ՀՀ քաղաքացիության համար դիմողի ծննդյան վկայականը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- տվյալի փոփոխության դեպքում փոփոխությունը հավաստող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ տեղեկանք)․
Ծնողի հիմքով դիմելիս անհրաժեշտ է կցել նաև՝
- ծնողների ամուսնության վկայականը, ՀՀ քաղաքացու անձնագիր,
- հայր ծնողի դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը,
Զավակի հիմքով դիմելիս անհրաժեշտ է կցել նաև՝
- զավակի ՀՀ անձնագիրը և ծննդյան վկայականը։
1995 թ․-ի հունվարի 1-ից հետո սեփական դիմումի համաձայն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիրը,
- ծննդյան վկայականը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- տվյալի փոփոխության դեպքում փոփոխությունը հավաստող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ տեղեկանք):
ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունենալու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- օտարերկրյա պետության անձնագիրը, եթե առկա է,
- ծննդյան վկայականը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
Ուշադրություն
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է դիմի իր անունից՝ անձնական օգտահաշվի միջոցով։
Քաղաքացիություն չունենալու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- քաղաքացիություն չունեցող անձի անձնագիրը,
- ծննդյան վկայականը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար։
Ծնողների (կամ ծնողի)՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալու հիմքով դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմողի անձնագիրը,
- ԻՍՕ ստանդարտներին համապատասխանող 35x45 մմ չափսի լուսանկար,
- ծննդյան վկայական,
- ծնողների անձնագրեր,
- ծնողների ամուսնության վկայականը,
- հայր ծնողի դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը,
- ազգակցական կապը հավաստող այլ փաստաթուղթ,
- օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը՝
- ժամանակավոր կացության կարգավիճակի քարտ,
- բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք,
- ՀՀ-ում հաշվառման մասին տեղեկատվություն,
- ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիության մասին տեղեկատվություն:
Ուշադրություն
Օրինական բնակությունը հաստատող փաստաթղթերը ընտրովի են, և հնարավոր է ներկայացնել դրանցից մեկը։
Ուշադրություն
Բոլոր օտարալեզու փաստաթղթերի հետ անհրաժեշտ է կցել դրանց ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ հայերեն թարգմանությունը։
Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգ
Ազգությամբ հայերը և օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ քաղաքացիության նախնական հայտը ներկայացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Համակարգից օգտվելիս ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է խիստ նույնականացումը։ Օտարերկրացիները կարող են նույնականացվել հանրային ծառայությունների համարանիշով (սոցիալական քարտ/ՀԾՀ) կամ պարզապես գրանցվել իրենց էլեկտրոնային հասցեով։
Համակարգի միջոցով հնարավոր է՝
- դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար,
- դիմել ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար,
- դիմել անչափահասի քաղաքացիությունը դադարեցնելու համար,
- դիմել անգործունակի համար ՀՀ քաղաքացիության ստանալու համար։
Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ
Այն դիմորդները, որոնք ազգությամբ հայ չեն, բնօրինակ փաստաթղթերի հաստատումից հետո տեղում պետք է անցնեն ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ։
Թեստը կազմված է 33 հարցից։ Յուրաքանչյուրն ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ։
Այո, թեստի հարցերի շրջանակը թարմացվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։
Թեստավորման համար Համակարգը թեստերի բազայից պատահականության սկզբունքով ընտրում է 33 հարց։
Թեստի տևողությունը 1 ժամ է, անցողիկ շեմը՝ առնվազն 17 ճիշտ պատասխան:
Թեստը ևս պետք է անցնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Թեստը հաղթահարելուց հետո արդյունքը կարտացոլվի ձեր օգտահաշվի թեստերի բաժնում։
Թեստի արդյունքը ևս կցվում է դիմումին։
Թեստը չհաղթահարելու դեպքում Ձեզ կտրվի ևս 2 հնարավորություն՝ այցելելով մեկ այլ նշանակված օր։
Անձնագրի ստացում
Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել անձնագիր ստանալու համար։ Անձնագիրը թույլ է տալիս դուրս գալ ՀՀ-ից և վերադառնալ ՀՀ, այն նաև օգտագործվում է ՀՀ տարածքում որպես անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։
Այս էջը օգտակա՞ր էր