ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ ՀՀ տարածքից անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ բույսեր արտահանելու, վերաարտահանելու կամ ներմուծելու (ՍԻԹԵՍ) թույլտվություն

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (ՍԻԹԵՍ) կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիներ և բույսեր, ինչպես նաև դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից  արտահանելու, վերարտահանելու կամ ՀՀ տարածք ներմուծելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիներ, օտարերկրյա իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
2-10 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Արտահանման (ՍԻԹԵՍ) թույլտվություն ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․

  • նմուշի ձեռքբերման և ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերը, նմուշի նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ, 

  • արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի պատճենը,

  • ներմուծման երկրի կողմից տրված թույլտվությունը,

  • ՍԻԹԵՍ N3 հավելվածում ընդգրկված նմուշի դեպքում՝ տվյալ նմուշի ծագման հավաստագիրը,

  • դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, և կենդանական ծագում ունեցող նյութերի դեպքում տրված արտահանման հավաստագրի պատճենը (տրամադրում է ՀՀ Առողջապահության նախարարությունը),
  • թառափազգիների ձկնկիթների դեպքում նաև՝

  • տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը,

  • տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և Կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշմամբ (իրավական ակտը կնարավոր է գտնել arlis.am-ում) սահմանված կարգով մակնշման մասին,

  • տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին։

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Արտահանման թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • դիմումում և կից փաստաթղթերում բացակա տեղեկությունները դիմումատուի կողմից չեն ներկայացվել սահմանված ժամկետում (5 աշխատանքային օր, իսկ թառափազգիների դեպքում՝ 1 աշխատանքային օր), կամ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը տվել է բացասական եզրակացություն,

  • կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի (օդային ճանապարհով տեղափոխման կանոնակարգեր) կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով փոխադրման համար սահմանված պահանջներին,

  • դիմումում ներկայացված արտահանվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է արտահանման համար կողմերի կամավոր սահմանած կամ ՍԻԹԵՍ-ի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը,

  • դիմումում նշված արտահանվող նմուշը ձեռք է բերվել «Բուսական աշխարհի մասին» կամ «Կենդանական աշխարհի մասին» կամ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքների խախտմամբ:

Տրամադրման ժամկետը և կարգը

Նմուշների արտահանման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ թառափազգիների ձկնկիթների դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Թույլտվությունը տրամադրվում է միայն ֆիզիկապես։

Պահանջվող փաստաթղթերը

Վերարտահանման (ՍԻԹԵՍ) թույլտվություն ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել․

  • տեղեկություններ ՀՀ տարածք ներմուծման համար ստացված նախկին թույլտվության մասին,

  • արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ վերարտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը հանդիսանում է տվյալ նմուշը փոխադրողի սեփականություն,

  • ՍԻԹԵՍ N1 հավելվածում ընգրկված նմուշի վերարտահանման դեպքում` ներմուծման կամ այլ երկրի կողմից տրված ներմուծման թույլտվությունը,

  • ՍԻԹԵՍ N3 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը,

  • դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի և կենդանական ծագում ունեցող նյութերի վերարտահանման դեպքում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը։

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Վերարտահանման  թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • դիմումում և դրան կից փաստաթղթերում բացակայող տեղեկությունները դիմողի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում՝ լրամշակման, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • դիմումում նշված նմուշը նախկինում ՀՀ տարածք է ներմուծվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով և սահմանված ներմուծման պահանջների խախտմամբ, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրը սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը,

  • կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի (օդային ճանապարհով տեղափոխման կանոնակարգեր) կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով սահմանված պահանջներին:

Տրամադրման ժամկետը և կարգը

Նմուշների վերարտահանման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացում, իսկ թառափազգիների ձկնկիթների դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Թույլտվությունը տրամադրվում է միայն ֆիզիկապես։

Պահանջվող փաստաթղթերը

Ներմուծման (ՍԻԹԵՍ) թույլտվություն ստանալու համար տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ ներմուծումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է։

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • դիմումում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը,

  • կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի (օդային ճանապարհով տեղափոխման կանոնակարգեր) կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով սահմանված պահանջներին,

  • դիմումում ներկայացված ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ներմուծման համար կողմերի սահմանած կամ ՍԻԹԵՍ-ի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:

Տրամադրման ժամկետը և կարգը

Նմուշների ներմուծման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացում:

Թույլտվությունը տրամադրվում է միայն ֆիզիկապես։

Վճարման չափը և կարգը

Անհետացման եզրին գտնվող կենդանիների (բույսերի) արտահանման, վերարտահանման և նորմուծման (ՍԻԹԵՍ) թույլտվությունը տրամադրվում է անվճար։

Հղում օրենսդրությանը

  • «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա

  • ՀՀ կառավարության` 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշում

  • ՀՀ կառավարության` 2008 թվականի օգոստոսի 14-ի N 908-Ն որոշում

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

  • «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր