Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ թմրաբանական բժշկական օգնություն
Այս ծրագրով բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կազմակերպվում է արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողություն։
Երևանում`
- Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ (hասցե՝ Աճառյան փողոց, 2-րդ փակուղի, 2 շենք, hեռախոսահամար` +374 12 27 27 27)։
Մարզերում՝
- «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Շիրակի մարզ, Գյումրի,
Ղարսի խճուղի, 2ա շենք), - «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ (Լոռու մարզ, Վանաձոր,
Գարեգին Նժդեհի փողոց, 57 շենք), - «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ (Սյունիքի մարզ, Կապան,
Բաղաբերդի փողոց, 48 շենք), - «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Գեղարքունիքի մարզ, Սևան,
Կարմիր Բանակի փողոց, 68 շենք)։
Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, ծառայությունները մատուցվում են տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական կամ թմրաբանական կաբինետների միջոցով:
Ծրագրի մասին
Այս ծրագրի շրջանակում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն ընդգրկում է պացիենտների անվճար դիսպանսերային հսկողության կազմակերպման հետևյալ ծառայությունները․
- կամավոր և հարկադիր դիսպանսերային հսկողություն,
- կամավոր և հարկադիր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
- կամավոր և հարկադիր պահպանողական բուժում,
- կամավոր փոխարինող բուժում,
- ըստ ցուցումների` ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
- դատաթմրաբանական փորձաքննության անցկացում,
- սթափության վիճակի զննություն,
- մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն,
- անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում։
Վճարովի պայմաններով դիսպանսերային հսկողության կազմակերպումն ու իրականացումը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի բացակայությամբ և ընդգրկում է.
- կամավոր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
- կամավոր պահպանողական բուժում (մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում պացիենտին նշելով որպես չնույնականացված անձ),
- մարդու կենսամիջավայրում թունաքիմիական հետազոտությունը (բժշկական հետազոտության եզրակացության մեջ պացիենտին նշելով որպես չնույնականացված անձ),
- կամավոր փոխարինող բուժումը (բացառությամբ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում իրականացվող կամավոր փոխարինող բուժման),
- տեղեկանքի տրամադրումը` թմրամոլություն հիվանդության, այդ թվում «ալկոհոլիզմ» ախտորոշման բացակայության վերաբերյալ, թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում հաշվառման վերաբերյալ, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կամ դրա բացակայության վերաբերյալ,
- տեղեկանքի տրամադրման համար իրականացվող ախտորոշիչ հետազոտություններ,
- չճշտված «թմրամոլություն» ախտորոշման դեպքում` թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար իրականացվող ախտորոշիչ հետազոտություններ,
- նիկոտինային կախվածություն ունեցող անձանց համար մասնագիտական խորհրդատվություն:
Անվճար և հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է․
- կամավոր բուժում,
- հարկադիր բուժում,
- դատաբժշկական փորձաքննություն,
- զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն,
- ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում
- թմրաբանական հետազոտություն` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:
Պահանջվող փաստաթղթերը
Պլանային կարգով պացիենտի հոսպիատալացման դեպքում անհրաժեշտ են՝
- ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառաությունների համարանիշ (ՀԾՀ),
- համապատասխան բժշկի խորհրդատվության հիման վրա` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի կողմից տրված ուղեգիր։
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների հոսպիտալացման ժամանակ փաստաթղթեր ներակայացնելը պարտադիր չէ։
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը անվճար շարունակելու համար պացիենտը պետք է ներկայացնի՝
- ՀՀ քաղաքացու անձնագիր,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- իր գրավոր համաձայնությունը։
Վճարովի հիմունքներով իրականացվում է`
- «Ափիոնային թմրամոլությամբ պացիենտների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտագոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ» մեթոդով բուժումը,
- եթե անձը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթղթեր։ Այդ դեպքում հիվանդության պատմագրում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են նշելով որպես չնույնականացված պացիենտ:
Վճարման չափը և կարգը
Աջակցության ծրագրի շրջանակում գործող վճարովի ծառայությունների վճարման չափն ու կարգը կարգավորվում են բժշկական հաստատության կողմից։
Տրամադրման կարգը և ժամկետները
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է շուրջօրյա: Ընդ որում՝ ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ։ Մնացած դեպքերում ծառայությունը մատուցվում է աշխատանքային օրերին և ժամերին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հունվարի 27-ի N 03-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
8003
(+374) 80-80-03
8003
(+374) 80-80-03