Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ:
Ինչպե՞ս դիմել
Թվային նույնականացման լուծումը հասանելի է և՛ ֆիզիկական քարտերի, և՛ eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների համար։
Ներկայացվող պահանջներ
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար կարող են դիմել՝
- ՀՀ չափահաս քաղաքացիները,
- Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած չափահաս անձինք,
- օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն նույնականացման քարտ։
Պահանջվող փաստաթղթերը
- Նույնականացման քարտ կամ փախստականի կարգավիճակի վկայական և անձնագիր (ընդ որում՝ նույնականացման քարտի չիպի կամ PIN և PUK ծածկագրերի առկայությունը պարտադիր չէ),
Անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- դիմողի անունով գրանցված և գործող հեռախոսահամար (հեռախոսահամար չունենալու դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել այն)։
Ուշադրություն
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիզիկական քարտը փոխելիս նախկին քարտի հեռախոսահամարները կարող են ջնջվել, ինչի պատճառով հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսի մեջ կամ ամպային տիրույթում (cloud):
Վճարման չափը և կարգը
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։
Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։
Տրամադրման կարգը
Գրասենյակում բջջային օպերատորի հրահանգներից հետո անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել ծածկագիր (PIN կոդ), որը կիրառվելու է յուրաքանչյուր անգամ առցանց նույնակացվելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս։
Ծածկագիրը ապահովում է անհատի անձնական տվյալների անվտանգությունը, ուստի այն չի կարելի փոխանցել այլ անձանց։ Ծածկագիրն այլ անձանց հասանելի դառնալու դեպքում անհրաժեշտ է անձնագրով մոտենալ օպերատորի գրասենյակ և փոխել այն։
Բջջային ID SIM քարտ ձեռք բերելուց հետո ավտոմատ կերպով հասանելի կլինի նաև էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։