Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վավերացնել լիազորագիրը
Լիազորագիրը մեկ անձի գրավոր հանձնարարությունն է մեկ այլ անձին՝ երրորդ անձանց առջև իրեն ներկայացնելու նպատակով: Լիազորագիր կարող է տալ չափահաս գործունակ ֆիզիկական և իրավաբանական անձը:
Լիազորված անձը լիազորագրի միջոցով իրավունք է ստանում լիազորողի անունից կատարելու լիազորագրում նշված գործողությունը։
Լիազորագիրը վավերացնելու համար անհրաժեշտ է դիմել նախընտրած նոտարական գրասենյակ՝ տրամադրելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ և հստակ, չլինեն անդեմ կամ երկիմաստ լիազորություններ:
Պահանջվող փաստաթղթերը
Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար անհրաժեշտ են՝
- լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ,
- լիազորված անձի անձնագրային տվյալներ,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի լուսապատճեն (ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման, տնօրինման կամ օգտագործման լիազորագրի դեպքում՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական/գրանցման վկայագրի լուսապատճեն),
- լիազորագրով տրվող լիազորությունների ցանկը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր։
Վճարման չափը և կարգը
Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար անհրաժեշտ է վճարել՝ 15,000 դրամ, այլ լիազորագրերի վավերացման համար՝ 30,000 դրամ։Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով
- մուտք գործել e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգ,
- ընտրել «Հյուպատոսական ծառայություններ» բաժինը,
- «Նոտարական գործողություններ» բաժնից ընտրել «Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար» կամ «Այլ լիազորագրերի վավերացման համար» բաժինները,
- ընտրել քաղաքը,
- բացված էջում լրացնել անհրաժեշտ տվյալներն ու վճարել։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել:
- Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն պահպանում է ուժը կնքման օրվանից 1 տարվա ընթացքում։
- Այն լիազորագիրը, որում նշված չէ նրա կնքման տարին ու ամսաթիվը, անվավեր է:
Ուշադրություն
Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը նույնպես ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Սույն լիազորագիրը վավերացվում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում և չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
Օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11